Թրամփը չի բացառել տնտեսության խթանման շրջանակում ամերիկացի հարկատուներին կրկնակի վճարելու փաստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել տնտեսության խթանման շրջանակում ամերիկացի հարկատուներին կրկնակի վճարելու փաստը, գրում է The New York Times-ը։

«Մենք միանգամայն կարող ենք անել ուղղակի վճարումների երկրորդ փուլը: Այս հարցը լրջորեն քննարկվում է» – պատասխանել Է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին։

Ամերիկյան հարկատուների մեծ մասն ապրիլին կստանա 1200-ական դոլար՝ Կոնգրեսի կողմից ընդունված տնտեսության խթանմանն ուղղված 2 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը մարտին օրինագիծ էր ընդունել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին։

Փաթեթը ներառում է 350 մլրդ դոլար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, 250 մլրդ՝ գործազրկության ընդլայնված ապահովագրության համար, 46 մլրդ՝ վիրուսի դեմ անմիջական պայքարի համար։

Եվս 500 մլրդ դոլար կհատկացվի ձեռնարկությունների, նահանգների և քաղաքների աջակցության կայունացման հիմնադրամի ձևավորմանը։

Օրինագիծը նաև նախատեսում է տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող միլիոնավոր ամերիկացի հարկատուների միանվագ վճարումներ՝ 1200 դոլար մեկ չափահասի համար և 500-ական դոլար յուրաքանչյուր երեխայի համար: