Պաշտպանիչ դիմակների օգտագործումը, առանց նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող մյուս միջոցառումների, ավելացնում է վարակվելու հավանականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի հայտարարությանը։
«Մարդիկ պետք է անհրաժեշտ քանակությամբ դիմակներ ունենան, սակայն դրանք լիարժեք պաշտպանություն չեն ապահովում։ Եթե միայն դիմակ կրել, իսկ մնացածին ուշադրություն չդարձնել, չհետևել սոցիալական հեռավորությունը պահելուն, չլվանալ ձեռքերը, ապա հաստատ կվարակվեք։ Դիմակը չպետք է խոնավ լինի։ Երկու ժամ օգտագործելուց հետո այն պետք է դեն նետել՝ հակառակ դեպքում վարակի աղբյուր կդառնաք»,-հայտնել է Վույնովիչը։
Նա նաև նշել է, որ առողջ մարդիկ պետք է դիմակներ կրեն, սակայն միևնույն ժամանակ որոշ կանոնների հետևեն։
«Եթե առողջ մարդը հիվանդի հետ միևնույն տարածքում չի գտնվում, ապա նրան դիմակ պետք չէ։ Եթե մարդաշատ վայրում է գտնվում, ապա անհրաժեշտ է, սակայն պետք է նշել, որ հեռավորությունը պահելը շատ ավելի է պաշտպանում վարակվելուց, քան դիմակը»,- ընդգծել է փորձագետը։
Բացի այդ, Վույնովիչն ուշադրություն է հրավիրել նաև պաշտպանիչ դիմակների պակասի խնդրին՝ ընդգծելով, որ բացառապես բոլոր բժիշկներին պետք է ապահովել դիմակներով։
Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն կոչ էր արել բոլորին դիմակներ կրել, սակայն մանրամասնել, որ փողոցում պարտադիր չէ, որ դրանք բժշկական լինեն։ «Կարելի է ինքնուրույն պատրաստված դիմակներ կրել, փաստացի դրանք կանխում են օդակաթիլային եղանակով վիրուսի տարածումը»։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է մոտ 15 000 մարդ, ապաքինվել է 1300 հոգի, ևս 150 000-ը գտնվում է հսկողության տակ։