Չինաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքն են կանխատեսել

Շանհայի «Հուաշան» հիվանդանոցի վարակաբանական բաժանմունքի ղեկավար, կորոնավիրուսի բուժման Շանհայի փորձագիտական խմբի ղեկավար Չժան Վենհունը հայտարարել է, որ մարդկությունն այս տարվա ամռանը դեռևս չի կարողանա լիարժեք հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ այս տարվա նոյեմբերին հնարավոր է սկսվի հիվանդության նոր ալիք: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով չինական «Հուանցյուվան» պորտալին:

«Բռնկումները սկսել են տարածվել Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով գոյություն ունեցող մաթեմատիկական մոդելը, երբ ձմեռը գա, բոլորը նորից կնստեն տանը, կհավաքվեն խմբերով»,-ասել է Վենհունը:

Միևնույն ժամանակ բժիշկն ընդգծել է, որ այս համաճարակի ժամանակ ձեռք բերված փորձի շնորհիվ երկրորդ ալիքն այսքան լուրջ չի լինի:

«Սակայն այն երկրների համար, որոնք բավարար բժշկական ռեսուրսներ չունեն, ինչպիսիք են Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրները, հնարավոր է դժվար լինի հաջորդ ձմեռվա անցկացումը»,-հավելել է փորձագետը:

Նրա խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակը կախված է ոչ թե Չինաստանից, ԱՄՆ-ից կամ Եվրոպայից, այլ նրանից, թե ինչպես համաճարակի դեմ կպայքարեն պետությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: