ԱՀԿ-ն Թրամփի՝ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու որոշման պատճառով կարող է կորցնել իր բյուջեի ավելի քան 14 տոկոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ԱՄՆ նախագահի՝ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու որոշման պատճառով կարող է կորցնել իր բյուջեի ավելի քան 14 տոկոսը, հետևում է ԱՀԿ-ի կայքում հրապարակված տվյալներից, գրում է ria.ru-ն։

ԱՀԿ ծրագրային բյուջեն ֆինանսավորվում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր վճարումների հաշվին։ Պարտադիր է անդամ երկրների կողմից արվող ֆինանսավորումը։ Յուրաքանչյուր անդամ պետության վճարի գումարը հաշվարկվում է երկրի բարեկեցությանը և նրա ազգաբնակչությանը համապատասխան։

Վիճակագրության համաձայն՝ 2018-2019 թվականներին ԱՄՆ-ն ԱՀԿ-ին վճարել է 553,1 մլն դոլար, ինչը կազմում է կազմակերպության բյուջեի 14,67 տոկոսը տարբեր ծրագրերի համար: Այդ գումարից 101,5 միլիոնը հատկացվել է Ժնևում ԱՀԿ-ի կառույցի ֆինանսավորմանը, 151,2 միլիոնը՝ Աֆրիկայում ԱՀԿ-ի ծրագրերի աջակցությանը և 201,1 միլիոնը՝ Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածին:

ԱՀԿ-ի երկրորդ խոշորագույն դոնորը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն է, որը 2018-2019 թվականներին ապահովել է կազմակերպության բյուջեի 9,76 տոկոսը։

Ավելի վաղ Բիլ Գեյթսը, համաշխարհային առաջնորդներն ու ՄԱԿ-ը դատապարտել էին ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու Թրամփի որոշումը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար: