Որ ընկերությունն է մեղադրվում թուրքական ծառայություններին Արցախում ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու մեջ

Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին։ The HALO Trust-ը աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպությունն է, որը զբաղվում է ականազերծմամբ։ Կազմակերպությունը գործում է Լեռնային Ղարաբաղում 2000 թ.-ից:

Ուշագրավ է, որ անգամ նախորդ տարի Արցախի իշխանությունները ցանկանում էին հանդես գալ օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ, որպեսզի «The Halo Trust» կազմակերպության աշխատակիցների գործունեությանը հատուկ կարգավիճակ տրվի, ինչը ենթադրում է այնպիսի սոցիալական երաշխիքներ, որոնք ունեն ուժային մարմինների աշխատակիցները: Այն կունենա նաև հետադարձ իրավական ուժ և աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս կտարածվի կառույցի բոլոր նախկին աշխատակիցների վրա:

Նկատենք, որ սա արդեն երկրորդ բացահայտումն է, որը վերաբերում է լրտեսությանը: Դադարեցվել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը: Թեեւ համացանցում լուրեր էին տարածվել, թե հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը լրտեսություն է արել՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, սակայն ՀՀ ԱԳՆ-ն դա պաշտոնապես չհաստատեց՝ ազատման իրական պատճառի մասին այդպես էլ չխոսելով: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց այս տեղեկությունների հետքերով, եւ ուժային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը։