<<Կոսմետիկ բարեփոխումնե?ր>> առողջապահության ոլորտում

Blic.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրահանգել է առողջապահական ոլորտում բարեփոխումներ կատարել գրագրության մասով: Նա ի մասնավորի հանձնարարել է բոլոր փաստաթղթերը լրացնել հայերեն լեզվով: Մեր տեղեկություններով՝ նախարարի այդ հանձնարարականը դժգոհություն է առաջացրել բժիշկների շրջանում, քանի որ նրանց գերակշիռ մասը ունի ռուսերեն կրթություն: Նոր հանձնարարականով մի նորամուծություն էլ է կատարվել. եթե նախկինում բժիշկները ստորագրելիս պետք է գրեին միայն անուն-ազգանունը, հիմա պարտավոր են գրել անուն-հայրանուն- ազգանուն այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում՝ անձնագրում քաղաքացու հայրանունը արդեն վաղուց չի նշվում: Դժվար է ասել, թե ինչ բարեփոխումներ կարելի է սպասել այս նորամուծություններից կոնկրետ առողջապահական ոլորտի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, նախարարը վճռական է տրամադրված: Եվ եթե լեզվի հարցում բարեփոխումները դեռ կարելի է հասկանալ պետական կառույցի կարգավիճակը հաշվի առնելով, ապա անհասկանալի է, թե առողջապահական կոլլապսի եզրին կանգնած գերատեսչությունն ինչու է զբաղված կոսմետիկ բնույթի «բարեփոխումներով»։