Վրաստանի խոշոր քաղաքներում վարորդները բողոքել են վառելիքի գնի բարձրացման դեմ

Թբիլիսիի, Քութաիսի, Բաթումի, Ռուսթավիի, Թելավիի և Վրաստանի այլ քաղաքների վարորդները կիրակի մասնակցել են վառելիքի գների աճի դեմ հերթական բողոքի ակցիային: Այն շարունակվում է արդեն մի քանի շաբաթ և ընդգրկում է հանրապետության տարբեր քաղաքներ։ Իշխանությունները դեռևս չեն արձագանքել վարորդների պահանջին, այն է՝ վերահսկել վառելիքի շուկան։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

Թբիլիսիի Կախեթի մայրուղու վրա ցուցարարները փորձել են փակել երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել: Մի քանի հոգի բերման է ենթարկվել։

Բաթումում անցկացված նմանատիպ բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջել են վերանայել ոչ միայն վառելիքի, այլևս սննդամթերքի և դեղորայքի գները:

Տնտեսական փորձագետ Իոսիֆ Արխվաձեի մեկնաբանությամբ՝ Վրաստանում վառելիքի գները կախված են համաշխարհային շուկայում նավթի արժեքից: