Իշխանություններին նոր փորձություն է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` ի դեմս Անդրանիկ Թեւանյանի, հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա վավերացվել Թուրքիայի պառլամենտում: Սա թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եւ պահանջ է դրվում, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա պատմաբանների քննարկման թեմա:

«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ՝ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- ասվում է նախագծում եւ նշվում, որ այն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով կողմերը պարտավորվել են թուլացնել լարվածությունը, կոմունիկացիաները գործարկել:

Ուշագրավ է, որ հռչակագիրը վավերացվել է հայ-թուրքական, իբրեւ թե, առանց նախապայմանների «խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո: Ընդդիմադիրները կարծում են, որ Երեւանի լռությունը համաձայնության նշան է, իսկ հայտարարությունը մեսիջ կլինի հայությանը, որ ՀՀ-ն կարմիր գծերից չի նահանջելու:

Նախագիծը ՔՊ-ին բարդ երկընտրանքի առջեւ է կանգնեցրել՝ ինչպես «ջրել» այս նուրբ թեման, որ դավաճանության մեջ չմեղադրվեն, իսկ հարեւաններին սիրաշահեն:

Ըստ ամենայնի` սահմանազատման հետ կապված նախագծի փորձը կկրկնեն, որը չընդունվեց օրակարգ, քանի որ պարունակում էր «ընդդիմադիր լեքսիկոն», անվստահություն ՀՀ լեգիտիմ իշխանության հանդեպ ու թուլացնում էր հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում