ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նահատակված զինվորների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողներին պատժելու փոխարեն, փորձում են պատժել ծնողներին. Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Անթույլատրելի եմ համարում ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ:

Նախ, կարևոր է արձանագրել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների դեմ կիրառված անհամաչափ ուժի (բռնությունը) հանգամանքը մինչև օրս չի արժանացել պատշաճ և համարժեք իրավական գնահատականի, առնվազն տեսանելի մակարդակով հայտնի չեն առանցքային դերակատարները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, նշանակությունն ու մեղքի առկայության հանգամանքը, հատկապես այն պարագայում, երբ տեղի ունեցածի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունում տարվում էր ծառայողական քննություն:
Եվ փոխանակ զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողները պատժի ենթարկվեն, փորձում են պատժել ծնողներին։
Անթույլատրելի է նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցած միևնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում և իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական և վարչաիրավական, այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միևնույն հիմք:

Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունները լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության կարիք ունեն՝ պահպանելով թափանցիկության բարձր մակարդակ։
Հասկանալի է, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին հաճոյանալու համար գետնին տապալեցին զոհված զինծառայողների ծնողներին, ինչը խիստ դատապարտելի է»: