Քանի Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը. Արտակ Բեգլարյան

Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուշ գիշերին հայտնել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ շաբաթ և կիրակի օրերը չեն նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնեն:

«Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպես նաև աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:

Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին: ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ»,-գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ ադրբեջանցները փակել են Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ու կարևորագույն ճանապարհը: