4 տղամարդ և 2 կին Երևանի ակումբներից մեկում ծեծկռտուք են սարքել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 03.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արնոտված մարդկանց:

Ահազանգով մեկնած ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց: Չորս տղամարդիկ և երկու կանայք, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Պարզվել է նրանց ինքնությունը. տղամարդիկ՝ Երևան քաղաքի, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ էին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: