ԲԴԽ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 18 միջնորդություն, որից 9-ը բավարարվել է

Դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում միջազգային գործընկերների հետ: Միաժամանակ, վերջին 12 ամսվա ընթացքում Արդարադատության նախարարության կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ 18 միջնորդություն, որից բավարարվել է 9-ը:

«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Նախ նշեմ, որ այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում միջազգային գործընկերների հետ: Օրինակ՝ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ աշխատում ենք մի ծրագրով, որը նպատակ ունի բարձրացնելու հանրային վստահությունը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդումն ու խորացումը, լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության հմտությունների զարգացումն ու դատավորների վարկանիշին առնչվող հարցերը»,- նշեց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին 12 ամսվա ընթացքում Արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ 18 միջնորդություն, որից բավարարվել է 9-ը:

«Նախարարության կողմից կարգապահական վարույթի հարուցման լիազորության իրացումն ինքնին, ինչպես նաև ԲԴԽ կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը նպաստում է դատավորների պատշաճ վարքագծի ապահովմանը, ստանում է դատավորների զգոնության բարձրացման լրացուցիչ խթանի դեր, հանգեցնում է նրանց կողմից կայացվող դատական ակտերի օրինականության մակարդակի ապահովման բարելավմանը, ինչն իր հերթին ուղղակի ազդեցություն է ունենում ողջ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման վրա»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նաև հավելեց, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ոլորտային օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, ակտիվ ընթանում են թվայնացման աշխատանքները, ինչի շնորհիվ, ըստ Մինասյանի, թեթևանում է դատավորների ծանրաբեռնվածությունը:

«Այս ամենի արդյունքում քաղաքացիները կստանան ավելի բարձր որակի արդարադատություն, ինչն էլ իր հերթին կնպաստի դատական համայնքի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,- եզրափակեց նախարարը։