Քաղցկեղը դատավճիռ չէ. Պարզաբանում են ուռուցքաբան մասնագետները

Օրերս Դիլիջանում տեղի ունեցավ լրագրողների ու բժիշկների հետ համատեղ «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում առկա խնդիրները: Լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մասնագետներին և ստացան լիարժեք պատասխաններ:

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, խոսելով ուռուցքանաբանության մեջ եղած հիմնախնդիրների մասին, առաջնահերթ կարևորեց բժշկական ապահովագրության դերը առողջապահության ոլորտում՝ ընդգծելով, որ նման օրենքի կենսակոչումով շատ բուժառուներ հնարավորություն կստանան պարբերաբար հետազոտվել, պետք եղած եդպքում վիրահատվել, բուժվել:

Նարեկ Մանուկյանը ընգծեց.

«Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում կան քաղաքացիներ, որոնց համար հասանելի չեն բազմաթիվ բժշկական ծառայություններ: Բժշկական ապահովագրությունը թույլ նրանց ավելի հետևողական լինել իրենց առողջությանը, ապահովագրության շրջանակում ստանալ ավճար բժշկական ծառայություններ: Ինչ վերաբերում է ուռուցքաբանության ոլորտին, ապա պետք է ասեմ, որ, փուլ առ փուլ իրականացնելով ապահովագրության ծրագիրը, կարող ենք հասնել լուրջ արդյունքների: Իսկ մեր հասարակությանը ցանկանում եմ ասել՝ քաղցկեղը դատավճիռ չէ: Պետք է միայն ժամանակին դիմել բժշկի և չթողնել, որ, հայկական տարբերակով ասած, դանակը հասնի ոսկորին»:

Նշենք, որ սեմինարին մասնակից, փորձառու մասնագետները իրենց ելույթներում նշեցին՝ խնդիրները շատ են, առաջացած հարցերը թվում են անվերջ, նոր առաջարկվող լուծումների մասին քչերը գիտեն, զարգացման տեսլականը՝ նույնպես:

Երկօրյա հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվեցին ուռուցքաբանության ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակներն ու ռազմավարությունները։ Քննարկվեցին խնդրահարույց այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դեղորայքային բուժումը, ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերը: Անդրադարձ եղավ ուռուցքային հիվանդությունների տարածվածությանը Հայաստանում, դրանց ախտորոշման և բուժման հնարավորություններին, կանխարգելելու տեսլականին:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է լրագրողների դերը Հայաստանի առողջապահության կարևորագույն ոլորտներից մեկում: Կենտրոնը լիահույս է՝ հիվանդության մասին գրագետ լուսաբանումը, խնդիրների բարձրաձայնումը, հիվանդության կանխարգելիչ միջոցառումներին տեղյակ լինելն ու դրանց ներկայացումը հասարակությանը կօգնեն ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, զարկ կտան պարբերաբար ստուգումներին և չարաբաստիկ հիվանդության` առավել արդյունավետ և թիրախային կանխարգելմանը: