«Ավանգարդը» 100 տարեկան է

Բոլոր ժամանակների երիտասարդների սիրելի թերթը՝ «Ավանգարդը» 100 տարեկան է։
Ուղիղ մեկ դար առաջ՝ մայիսի 5-ին, լույս տեսավ «Ավանգարդի» առաջին համարը։ Թերթը ոչ միայն Հայաստանի երկրորդ հանրապետության տարեգիրը դարձավ, այլև յուրօրինակ մի օջախ, որ համախմբում էր իր դարաշրջանի մտավորականներին, ստեղծագործողներին, գրականության ու արվեստի գործիչներին։ 1991 թվականից վերագրանցվելով որպես անկախ պարբերաթերթ՝ այն շարունակեց մնալ անկախ Հայաստանի պատմության ավանգարդը՝ չհարելով որևէ կուսակցության կամ քաղաքական որևէ ուժի։ Հայաստանի համար դժնի տարիները դժվարին ժամանակներ էին նաև «Ավանգարդի» համար՝ պայքարի, մաքառումների ժամանակներ, որ հար և նման էին երկրի ու ժողովրդի պատմությանը։
2006 թ-ից «Ավանգարդը»սկսեց հրապարակվել նաև էլեկտրոնային տարբերակով։ Իր գործունեության ընթացքում թերթն արծարծել Է երիտասարդության դաստիարակության խնդիրներ, լուսաբանել Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը։ Տպագրել է երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններ, գրախոսականներ արվեստի և գրականության մասին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1973 թ. հուլիսի 3-ի հրամանագրով «Ավանգարդը» պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1923-1933 թվականներին թերթը խմբագրել է խմբագրական կոլեգիան, այնուհետև խմբագիրներն են եղել Հ. Միրզոյանը (1933-1937), Մ. Նահապետյանը (1937), Ա. Նազարյանը (1937), Ա. Ղազարյանը (1938), Մ. Մանուկյանը (1939), Ա. Մնացականյանը (1940), Ա. Սիմոնյանը (1941), Ա. Թադևոսյանը (1945-1949), Ա. Խաչիկյանը (1949-1952), Մ. Թութխալյան (1952-1955, 1958-1959), Գ. Առաքելյանը (1955-1958), Լ. Կրոյանը (1960-1969), Լ. Մանուկյանը (1969-1985), Գ. Հայրումյանը (1985- 1987), Մ. Զոհրաբյանը (1987 -1996)։ 1997-ից խմբագիրն է Ջուլիետ Մարտիրոսյանը, ով այսօր էլ խմբագրում է թերթի էլեկտրոնային տարբերակը։