Եռակողմ դավադրություն ընդդեմ Արցախի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած երեկ Արցախի իշխանությունները հարկադրված էին ծանր զիջումների գնալ, որպեսզի կրակը դադարի եւ կյանքեր փրկվեն, սակայն, ինչպես արցախցի մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ դրանով գողգոթան չի ավարտվել։ Բոլորը սպասելու են այսօրվա բանակցություններին, որոնք կայանալու են Եվլախում․ արդյոք Ադրբեջանն առանց նախապայմանների հումանիտար միջանցք կտա, որ արցախցիները հեռանան իրենց հայրենի հողից, թե արյուն տեսած գազանի նման նոր պահանջներ կդնի՝ պատանդի կարգավիճակում հայտնված վիրավոր Արցախից։

Նշենք, որ երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել «վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը քննարկեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը»։ Արցախի մեր հայրենակիցներից շատերը կասկածներ ունեն, որ տղամարդկանց անվանելու են ռազմական գործողություններին մասնակից «հանցագործներ» եւ թույլ չեն տալու հեռանալ Արցախից, որ արցախցիների հպարտ, հերոս գենը ոչնչացնեն։ Դա կնշանակի, որ «ցուցակում» հայտնված հերոսների, պետական գործիչների ընտանիքներն էլ ստիպված կլինեն մնալ եւ ապրել Ադրբեջանի օրենքներով։ Բանն այն է, արցախցիներին Հայաստան տեղափոխելու մեծ ցանկությամբ չի տառապում նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախում կասկածներ ունեն, որ այս սցենարն էլ է նրա հետ Ալիեւը համաձայնեցրել։ Տեղահանված եւ Հայաստան ժամանակ արցախցիները ռումբ են նրա իշխանության տակ՝ պատրաստ ընդվզելու։

Այս անձանց Արցախում պահելը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որն Արցախում մնալու լեգիտիմ հնարավորություն կստանա։ Բայց Արցախում քչերն են պատրաստ ապրել Ադրբեջանի լծի ներքո եւ սպասում են այնտեղից ժամ առաջ հեռանալուն։ Երեկ Փաշինյանն իր ուղերձում նման ակնարկ էլ արեց․ «Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և ապրելու արժանապատիվ և անվտանգ: Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ըստ էության դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա»։ Թե ովքեր են լինելու բանագնացները, երեկ մեզ չհաջողվեց պարզել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: