Հայաստանում բուժում ստացած արցախցիները տեղափոխվել են Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բուժառուները և նրանց ուղեկցող ԿԽՄԿ աշխատակիցները Երևանից Ստեփանակերտ էին ուղևորվել սեպտեմբերի 19-ին, սակայն տեղի ունեցած իրադարձությունների պատճառով նրանք արգելափակվել էին Գորիսում և միայն իրավիճակի հանդարտվելուց հետո կարողացան շարունակել ճանապարհը մինչև Ստեփանակերտ։ Այսօր մեկնել են բացառապես մարդատար մեքենաներ, հումանիտար բեռների տեղափոխման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Ամատունին։