Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել

Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա: Պատճառը կակաոյի համաշխարհային դեֆիցիտն է: Գանայում և Կոտ դ՚ Իվուարում, որոնք մատակարարում են աշխարհում կակաոյի հումքի 60-70 տոկոսը, հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Վերջին ամիսներին միջազգային շուկայում կակաո հատիկավորը ռեկորդային գին է գրանցել: Եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2 200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10 000 դոլարը: Կակաոյի բերքի կրճատման պատճառով առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի շարք համաշխարհային հայտնի խոշոր ընկերություններ արդեն բարձրացրել են շոկոլադի գինը, չի բացառվում, որ առաջիկայում ևս կլինեն թանկացումներ:

Ակնկալվում է, որ կթանկանա հատկապես մուգ շոկոլադը, որտեղ կակաոյի տեսակարար կշիռը մեծ է: Շահույթ ապահովելու համար ենթադրվում է, որ շատ արտադրողներ կդիմեն տարբեր քայլերի: Օրինակ` կակաոն փոխարինեն այլ բաղադրիչներով, արտադրանքի ծավալը փոքրացնեն կամ էլ կակաոյի պարունակությունը նվազեցնեն շոկոլադի մեջ: