Եթե քաղաքացին որոշել է ինքնասպան լինել, մենք չենք կարող դա կանխել կամուրջների տակ պաշտպանիչ ցանցեր տեղեկայելով

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ինքանսպանությունների կանխարգելման գործում կարևորում է սրտացավ և ոչ անտարբեր հասարակության առկայությունը և նշում, որ այս հարցը միայն  հոգեբանների ուսերին թողնելը սխալ է․ «Եթե քաղաքացին արդեն որոշել է ինքնասպան լինել, մենք դա չենք կարող կանխել, օրինակ, կամուրջների տակ պաշտպանիչ  ցանցեր տեղեկայելով, քանի որ նա կգտնի այլ տարբերակ։ Եթե արդեն ինքնասպան լինելու որոշում են կայացրել տարբերակները նրանց չեն կանգնեցնի։ Ինքնասպանությունների կանխարգելման գործում մեծ դրական ազդեցություն ունի հենց հասարակությունը, պետք է կոտրել քաղաքացու մեջ առկա անտարբերությունը և ինքնասպանությունները չկապել սոցիալական վատ պայմանների հետ, քանի որ  կա հստակ վիճակագրություն, որ առավել շատ ինքասպանություններ լինում են հենց սոցիալապես ապահովված երկրներում»,-այս մասին այսօր Բլից ինֆո մամուլի ակումբում ասաց նա և նշեց, որ գարնան և աշնան ամիսներին նկատվում է ինքնասպանությունների թիվն աճում է, քանի որ դա կապված է սեզոնային սրացումների հետ։

Հոգեբանի խոսքով՝  որպես նման դեպքերի կանխարգելման եղանակ պետք է հոգեբանի ինստիտուտից գրագետ և ճիշտ օգտվել սովորեցնել հասարակությանը, ինչը մեզանում դեռևս պատճաշ մակարդակի վրա չէ․ «Այ, երբ մենք կունենանք այնպիսի հասարակություն, որտեղ հոգեբանի մոտ այցելելը ամոթ չի լինի, երբ հոգեբանական խորհրդատվությունից օգտվողին այլ կերպ չեն դիտարկի, երբ ամբողջ դպրոցով չեն ծիծաղի երեխայի վրա այն բանի համար, որ նա այցելել է հոգեբանի մոտ, այն ժամանակ էլ մենք կկարողանանաք նախ բացահայտել ինքնասպանությունների պատճառները, այնուհետև կանխարգելել դրանք»,-նշեց նա։

Խոսելով ինքասպանության գնալ փորձող դեռահասների մոտ նկատվող ախտանշանների մասին՝ հոգեբանն առանձնացրեց դրանցից մի քանիսը, որոնց առկայությունը փաստում է՝ առկա է հոգեկան անհավասարակշիռ վիճակ․ «Ինքնասպանության գնացողը մի օրում չի դա որոշում։ Քանի դեռ տեսնում են, որ դեռահասը ոչ ադեկվատ է արձագանքում իրադարձություններին և անտարբեր է ընտանիքը սրան՝ մենք ունենալու ենք նման դեպքեր։ Ակնհայտ ախտանշաններից են նաև տրամադրության անկումը, քնի խանգարումը, ախորժակի վատացումը, ապատիան և զառանցանքը։ Ահա այն ախտանշանները, որոնք դեռահասի մոտ նկատելիս պետք է ընտանիքը հասկանա՝ առկա է ինքասպանություն գործելու վտանգ»,-նկատեց նա։