Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրներից է լինելու Ղարաբաղյան հակամարտությունը

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները  Ղարաբաղյան հակամարտության ֆոնին դիտարկելիս կարևոր է նկատել հետևյալը . «Այս առումով՝ հետաքրքիր է առանձնացնել շարժման ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները. եթե շարժման առաջին փուլում էական հայտարարություններ չէին արվում Ղարաբաղի մասով, ապա ավելի ուշ տեղի ունեցավ որոշակի անդրադարձ այդ հարցին՝ միջազգային մամուլի հետ հանդիպման ընթացքում և Ազգային ժողովում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա խաղաղ և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, իսկ Արդբեջանի ռազմական ագրեսիան բացասական է ազդում հակամարտության կարգավորման վրա և հայտարարվեց նաև այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է գործիքակազմ  օգտագործեն՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար»,-նման տեսակետ հայտնեց փորձահգետ Նարեկ Մինասյանը:

 Վերջինս նշեց, որ այս պահին հարց է, թե նոր քաղաքական իրավիճակում Փաշինյանը նոր բանակցություննե՞ր է սկսելու, թե՞ որպես հիմք օգտագործելու է նախորդ բանակցությունները. «Բանակցային ողջ բլոկը բավականին մեծ և ծանրակշիռ գործ է, և եթե ինստիտուտները նորմալ աշխատեն, Փաշինյանը կկարողանա վարել բանակցությունները: Բանակցային նախորդ փաթեթները պետք է ընկալել, հասկանալ դրանց վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերի դիրքորոշումները: Սա շատ լայն բլոկ է, որին տիրապետելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է լինելու»,-ասաց փորձագետը: