Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդայինը՝ սահմանափակում. նիստն ավարտվեց

ՀՀ կառավարությունում րոպեներ առաջ ավարտվել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով կայացրած որոշման մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.

«1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումներն իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկություններն ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները՝ կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:

Հիշեցնենք, որ սահմանի փակման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել էր երեկ:

Բացի Հայաստանի Հանրապետությունից, Իրանի հետ սահմանային սահմանափակումներ են մտցրել նաեւ Թուրքիան եւ Աֆղանստանը: