Նախօրեին նախ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից, և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ երեկ արդեն՝ ազատվել է ՔԿ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Արձանագրենք՝ ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը ստեղծվել էր ապրիլի 30-ին և, մամուլի պնդումների համաձայն, հենց Քարամյանի համար:
<Եթե ՀՀ վարչապետը անհրաժեշտություն է տեսել ինչ որ պաշտոնյայի նշանակել մեկ այլ պաշտոնի, իհարկե դրա համար ունի հիմնավորումներ և դա ունի բացատրություն: Արգիշտի Քարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակումը բովանդակային առումով չեմ կարող մեկնաբանել , որովհետև հարցը Ազգային ժողովի իրավասություններից դուրս է>: Այս մասին <Blic.am>- ի հետ զրույցում նշեց ԱԺ <Իմ Քայլը> խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը և հավելեց՝ Ինչ վերաբերում է կարճ ժամանակահատվածներով տարբեր պաշտոններում նշանակվելուն, ապա դա օրենսդրության պահանջ է և նման նշանակումներ էլի եղել են:
ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում ինչպես կդրսևորի իրեն Արգիշտի Քարամյանը, <Blic.am>-ի հարցին, պատգամավորը պատասխանեց. <Ես կարող եմ ասել, որ պաշտոնյայի իր տեղում լինել չլինելը որոշում է պաշտոնյայի անմիջական ղեկավարը: Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը անհրաժեշտություն է համարել ինչ որ պաշտոնյայի նշանակել մեկ այլ պաշտոնի, իհարկե դրա համար ունի հիմնավորումներ և ունի բացատրություն: Համոզված եմ, որ ապագայում վարչապետը մանրամասն կանդրադառնա այս հարցին, եթե իհարկե բացատրությունների կարիք լինի: Ես կարծում եմ, որ սա նորմալ պրոցես է և կարծում եմ, որ այս նշանակմանը պետք է վերաբերվել որպես փաստ, որի համաձայն պաշտոնյաները կարող են նշանակվել տարբեր պաշտոնների՝ ըստ առաջնահերթությունների և ըստ անհրաժեշտության>: Նշանակումը կբարձրացնի արդյո?ք ԱԱԾ-ի հեղինակությունը նկատի ունենալով վերջին շրջանում այդ կառույցի թույլ տված վրիպումները, Արման Բոշյանի տեսակետն այսպիսին էր.
<Աշխատանքը ցույց կտա: Որովհետև ինստիտուտների, համակարգերի, ոլորտների հեղինակությունը պայմանավորված է նրանց աշխատանքի արդյունավետությամբ և խնդիրների լուծման կարողությամբ, եթե այդ գերատեսչության ղեկավարները գործեն արդյունավետ, իհարկե դա կնպաստի տվյալ կառույցի վարկանիշի բարձրացմանը>:
Պատգամավորը <Blic.am>-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության մասին արված հայտարարությանը և դրան հաջորդած ՀՀ ԱԳՆ պատասխանին: <Իր դիրքորոշումը պաշտոնապես հայտնելուց հետո, ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերութունների հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստում ևս անդրադարձավ Հայաստանի դիրքորոշմանը: Կարծում եմ, մեր առաջնահերթությունները այդ տրամաբանության մեջ են>:
Սահմանադրական հանրաքվեի օրինագծի քննարկումները կրկին երբ կլինեն ԱԺ օրակարգում, մեր հարցին, պատգամավորը պատասխանեց.
<Առայժմ օրակարգում այդ հարցը չկա և մեր գործողություները, քայլերը և ջանքերը ուղղված են համավարակի հաղթահարմանը: Մեր ռեսուրսները ծառայեցվում են այս խնդիրների լուծմանը, սոցիալական դժվարությունների մեղմացմանը և հաղթահարմանը: Ինչպես տեղյակ եք արտակարգ իրավիճակի հետ կապված իրավական առումով այդ հնարավորությունը չկա: Մենք սպասում ենք իրադարձությունների զարգացմանը և ոչ մի քաղաքական նպատակահարմարություն, ոչ մի իրավիճակ, չի կարող ավելի կարևոր, ավելի առաջնային լինել, քան մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է>: Որոշ ոլորտների գործունեությունների թույլատրումը, Բոշյանը պայմանավորեց քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակով.
<Ես համոզված եմ, որ պատերատունը, գործադիրի մեր գործընկերները ունեն այն հաշվարկները և այն կանխատեսումները, թե այս <ազատականացումը> ինչ ազդեցություններ կարող են ունենալ մեր հասարակական կյանքի , մեր քաղաքացիների առողջության վրա: Այդ վերլուծությունները կան և ես կարծում եմ, որ պետք է շարունակենք պահպանել անվտանգության բոլոր կանոնները : Պարետատունը անընդհատ հուշում և անընդմեջ հորդորում է պահպանել դրանք: Ստեղծված իրավիճակում պետք է ուշադրություն դարձնենք նաև տնտեսությանը, քանի որ երկար այսպես շարունակել ուղղակի հնարավոր չէ: Պետք է խոհեմություն դրսևորենք և փորձենք զուգորդել մեր սոցիալական կյանքը մեր տնտեսական ակտիվության հետ, շարունակելով լուծել առաջացած խնդիրները>.ընդգծեց պատգամավորը:
Լիլիթ Ավետիսյան
