Հայաստանի եւ Չինաստանի Շանսի նահանգի մշակույթն ու սովորույթները

Չինաստանում կա երեսունչորս նահանգ եւ յուրաքանչյուր նահանգում ժողովրդական ավանդույթները շատ տարբեր են.Ես ինը տարի եմ անցկացրել Չինաստանի Շանսի նահանգում, ուստի ավելի շատ բան եմ սովորել այստեղի ժողովրդական ավանդույթների մասին: Չնայած Հայաստանի տարածքը Չինաստանի համեմատ շատ ավելի փոքր է, սակայն յուրաքանչյուր մարզի ժողովրդական ավանդույթներն ու սովորույթները նույնպես տարբեր են։Ես սովորում եմ Շանսի նահանգում եւ առիթ եմ ունեցել ներկա գտնվել տարբեր ավանդույթների, որտեղ նկատել եմ Շանսիի մշակույթի շատ հատուկ սովորույթներ: Բոլոր ազգերի ներկայացուցիչների զգացմունքները նույնն են,միակ տարբերությունն արտահայտման ձևն է ։

 

Հարսանեկան արարողության ժամանակ Շանսիի բնակչությունը ուշադրությունը դաձնում են աշխույժությանը, հայերս ՝ գեղեցկությանը։Ինչպես հայերիս այնպես ել չինացիների մոտ ընդունված է հարսանիքից առաջ նշել «խոսքկապը» և«նշանադրությունը»:«Խոսքկապը» չինարեն կոչվում է «探亲»,որն ուղիղ թարգմանաբար նշանակում է «բարեկամության մասին խոսել» ,իսկ «նշանադրությունը»չինարեն կոչվում է «订婚» ,որն ողիղ թարգմանաբար նշանակում է «ամուսնոթյան հաստատում»։Շանսիում «նշանադրության » արարողությունը, ի տարբերություն Հայաստանի, կազմակերպվում է տղայի կողմից,որի ընթացքում որպես նշանադրության նշան տղան գումար է տալիս աղջկա ծնողներին ,որն կոչվում է «彩礼» cǎi li։Ասում են գումարը `որպես նվեր նշանակում է երախտապարտ լինել ծնողներին `աղջկան կնության տալու համար։Հարսանեկան արարողության գույնը կարմիրն է,որն խորհրդանշում է ուրախություն ։ Հայերը նորապսակներին չարից պաշպանելու համար աման են կոտրում, Շանսիում նորապսակների հագուստի վրա հայելի են կարում և ամբողջ արարողությունը ընթանում է հրավարությամբ։

 

Ամուսնությունից հետո երկրորդ կարևոր ավանդույթը երկու ազգերի մոտ էլ երեխայի ծնունդն է։ Հայաստանում երեխայի ծնվելուց հետո սովորույթը շատ նման են Շանսիում գործող սովորույթին։Օրինակ, ոչ մի անծանոթ, նույնիսկ հարազատ չի կարող այցելել երեխային ծնվելուց հետո մոտ 40 օր : Երեխային ընդունված է մկրտել մինչ 40 օրվա լրանալը: Մկրտությունից հետո ծնողները հյուրասիրություն են կազմակերպում և հրավիրում են հարազատներին և ընկերներին ՝ շնորհավորելու երեխային մկրտության առիթով: Մայրերը ,երեխա ծնելուց հետո ,տանից երեք ամիս դուրս գալու իրավունք չունեն,որը ժողովրդական տերմինով անվանում են ՝ 《坐月子》(ուղիղ թարգմանությամբ «նստել ամսով»,որի ընթացքում երեք օր թույլ չեն տալիս դուրս գալ անկողնուց, մեկ ամսվա ընթացքում թույլ չեն տալիս դուրս գալ տանից,ճակատն ել պետք է ծածկված լինի : Շանսիի գյուղական վայրերում կանանց մեծ մասը այդ ընթացքում ուտում է կորեկի շիլա, ձու, արիշտա, բրինձ և այլ նմանատիպ սնունդ: Մեր«Սուրբ Մկրտության» սովորույթները ինչ-որ չափով նման են չինական « մկրտությանը»որը իրենք կոչում են «洗三»(շի սան),որը չինական նորածիններին լողացնելու ծես է, ծնվելուց երեք օր անց ՝ հարազատներին ու ընկերներին հավաքելով ՝ նորածիններին օրհնելու համար:Արարողության ընթացքում ըստ հայկական եկեղեցական սովորության երեխայի պարանոցին կախում են խաչը սպիտակ եւ կարմիր թելերի վրա որն կոչվում է «նարոտ»,Շանսիում երեխայի պարանոցին եւ թևերից գցում են արծաթե կամ ոսկե զարդեր` չինարենով անվանում են«套颈馍»tào jǐng mó”、«牛曲连»“niú qū lián”、«串铃»“chuànlíng”、«括拦»“,“kuò lán”,որոնք ըստ իրենց հավատալիքների պաշտպանում են երեխային չար ուժերից եւ տալիս են երեխային երկարակեցություն։

Երեխայի հետ կապված հայերս ունենք ևս մեկ հետաքրքիր ավանդույթ որն կոչվում է «ատամնահատիկ» կամ «ակռահատիկ»։Շանսիում նույնպես կա նմանատիպ ավանդույթ որն կոչվում է «抓周»«բռնելու շաբաթ»։Ըստ ավանդության մենք նշում ենք այն երեխայի առաջին ատամը երևալուց հետո,իսկ Չինաստանում այն նշվում է երախայի ծնվելու հարյուրերորդ օրը։Որի ընթացքում ինչպես նաև հայերիս մոտ երեխայի առջև դրվում են որոշ իրեր, ինչպիսիք են հաշվիչ, գրքեր, ոսկի և այլն, երբ երեխան ընտրում է հաշվիչը, նշանակում է, որ նա ապագայում հաշվապահ է դառնալու: Եթե նա գիրք է ընտրում, ապա ապագայում տաղանդ է լինելու :

 

Երրորդ կարևոր սովորույթը երկու ազգերի մոտ թաղման արարողակարգն է: Շանիսիում թաղման արարողակարգերը տարբերվում են ,հանգուցյալի հարազատները սպիտակ հագուստ են կրում ՝ի տարբերություն հայաստանում ընդունված սևի։Ասում են, որ սպիտակը որպես սգո գույն լինելու վրա ազդել է բուդդիզմը , և արդյունքում մարդիկ՝ տարեց մարդու մահը անվանել են «白喜事»«սպիտակ երջանիկ իրադարձություն»: Հետևաբար, հանգուցյալի երեսը ծածկում են սպիտակ կտորով,ինչպես նաև սենյակի պատուհաններն ու հայելիները, որտեղ ընդանում է հուղարկավորությունը : Բարեկամներն ու ընկերները հանգուցյալի տան շեմին դնում են սպիտակ ,դեղին ,սև թղթերից պատրաստված ծաղիկներով պսակներ որոնք ցավակցության խորհրդանիշն են։ Հայաստանում ցանկացած տարիքում մարդու մահը դժբախտություն է , սակայն Չինաստանում ծերունու մահը ՝90 տարեկանից հետո ,կոչվում է «喜丧» «երջանիկ մահ»: Հայաստանում թէև շատերը գիտեն Չինաստանը եւ ծանոթ են նրա մշակույթին ,սակայն քչերն են տեղեկացված Չինաստանի վաղեմի մշակութային և ժողովրդական սովորույթների մասին։ Չինաստանում ՝հատկապես Շանսիում, քչերը գիտեն Հայաստան երկրի եւ Հայերի մասին, և շատ քիչ մարդիկ են որ տեղեկացված են հայկական ժողովրդական մշակույթի մասին: Իմ ուսումնասիրությունների արդյունքում նկատեցի որ Հայաստանն ու Շանսին շատ նման են մեկ մեկու որոշակի ժողովրդական սովորույթներով:

Անի Հարությունյան

Շանսիի համալսարանի ասպիրանտ