Բուլղարիայի կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային ճգնաժամային շտաբի ղեկավար Վենցիսլավ Մուտաֆչիյսկին հայտարարել է, որ Բուլղարիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածության առաջին երկու դեպքերը, միևնույն ժամանակ նշելով, որ հիվանդների անալիզների օրինակները ուղարկվել են մայրաքաղաքային լաբորատորիա, երկրորդ անգամ ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Շրջանային հիվանդանոցներում ստուգված 4 օրինակները կասկածելիորեն դրական արդյունք են ցույց տվել: Որոշվել է ևս մեկ ստուգում անցկացնել, որից հետո օրինակներից երկուսը կրկին դրական պատասխան են տվել»,-հայտարարել է Մուտաֆչիյսկին:
Նա նշել է նաև, որ լիազոր մարմիններն արդեն կգործեն վարակված հիվանդների հետ շփման կանոնների համաձայն:
Իշխանությունների տվյալներով, պոտենցիալ վարակվածներից մեկը 27-ամյա տղամարդ է Պլեվեն քաղաքից, մյուսը` 75-ամյա կին Գաբրովո քաղաքից: Նրանք գտնվում են իրենց բնակավայրերին մոտ գտնվող հիվանդանոցների վարակաբանական բաժանմունքներում, երկուսի վիճակն էլ կայուն է:
Առողջապահության նախարարությունում հստակեցրել են, որ այս հիվանդներից երեք թեստ են վերցրել, որոնցից երկուսը տվել են դրական, մեկը` բացասական պատասխան, այդ իսկ պատճառով որոշվել է նրանց տվյալները ուղարկել Սոֆիա` վերջնական ստուգման համար:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։