Պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ` (109 երկիր արդեն դարձել են համաճարակի զոհ), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, մոբիլիզացնել, ակտիվացնել ջանքերը:
Միաժամանակ հայտնի է, որ կորոնավիրուսի տարածումը մեծ մասշտաբներ է ստանում հատկապես Եվրոպայում. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ով: Նույն Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճել է 31%-ով՝ հասնելով 827-ի: Պայմանավորված աշխարհում սրվող համաճարակով՝ ԱՄՆ 24 նահանգում և մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ 30 օրով փակում է դռները եվրոպացիների առաջ՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են նույնիսկ ՆԱՏՕ-ի «COLD RESPONCE 2020» զորախաղերը:
Միաժամանակ արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում նաև մեր տարածաշրջանի երկրներում. Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի, իսկ Ադրբեջանում, ուր վարակվածների թիվը հասնում է 11-ի, մինչև մարտի 27–ը փակ են ուսումնական հաստատությունները, չեղարկվել են բոլոր համերգներն ու խոշոր միջոցառումները, տրանսպորտում և այլ հանրային վայրերում վարակազերծում է կատարվում։
Թվում էր՝ երջանիկ պատահականությամբ Հայաստանին կհաջողվի խուսափել կորոնավիրուսի հարվածից, սակայն այդպես չեղավ. վարչապետ Փաշինյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի նոր 3 դեպքերի բացահայտման մասին (ընդհանուր վարակակիրների թիվը 4-ն է): Վիրուսակիրները ժամանել էին Իտալիայից: Ընդ որում՝ ինչպես տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ է հանդիսանում:
Առաջին հարցը, որ ստեղծված իրավիճակում ծագում է, Հայաստանի պատրաստվածության, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունների՝ ստեղծված իրավիճակին ադեկվատության հարցն է: Տուրիստական կենտրոն Ծաղկաձորը փաստացի կարանտինային գոտի դարձնելով հնարավոր կլինի՞ կանխարգելիչ պայքար մղել վիրուսի տարածման դեմ, եթե հակառակ աշխարհի բազմաթիվ երկրների, մեր երկրում նույն մասսայական միջոցառումները ոչ թե արգելվում են, այլ՝ խրախուսվում. ամենամեծ մասսայական միջոցառումն այս օրերին, թերևս, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդած «Այո»-ի համահանրապետական քարոզարշավն է, որն, առանց չափազանցության, կարող է իսկական դժբախտություն դառնալ ազգաբնակչության գլխին, և դա՝ անկախ հարցի քաղաքական կողմից, որը նույնպես, խոշոր հաշվով, պակաս աղետ չէ:
Իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներն ակնհայտորեն անհամարժեք են ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին: Մինչ նույն Վրաստանում երկրի ղեկավարությունը, դրսևորելով լիարժեք պատասխանատվություն, անցնում է կառավարման արտակարգ՝ 24-ժամյա ռեժիմի, «մերոնք»՝ Նիկոլ Փաշինանն ու թիմը, սեփական արձակուրդն են վայելում՝ երկրին ու ժողովրդին միանգամայն արհեստական օրակարգ պարտադրելով: Մինչդեռ հայտնի է, որ նույնիսկ հեղափոխության նկատմամբ լոյալ տրամադրված որոշ քաղաքական ուժեր սկսել են հանդես գալ հանրաքվեն չեղարկելու կոչերով՝ միաժամանակ հորդորելով իրավիճակին «մատների արանքով չնայել», երկրում մտցնել կառավարման արտակարգ ռեժիմ, չենթարկել պետական համակարգն ավելորդ փորձությունների:
Փաստորեն վարչապետական «թու-թու-թու»-ն ոչ միայն բավարար չեղավ՝ համաճարակի դեմն առնելու համար, այլև դրանից հետո իրավիճակն էլ ավելի վատացավ, ու պարզվեց, որ ինչ-որ անիմաստ «պառավական» հնարքներով, ի զարմանս վարչապետի, կորոնավիրուսի դեմ պայքար անհնար է լինելու ծավալել: Նիկոլ Փաշինյանը գիտակցո՞ւմ է իր պատասխանատվության բեռի մեծությունը, թե՞ ստեղծված իրավիճակում նման հանգստություն դրսևորելու հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները սեփական քաղաքական շահերը, որոնք անքակտելիորեն կապել են Հրայր Թովմասյանի կարիերայի հետագա ընթացքի հետ, շատ ավելի են կարևորում, քան մնացյալ ամեն ինչ: Բայց գուցե Նիկոլ Փաշինյանն այսքան չհամառեր ու դադարեցներ քարոզարշավն, եթե վստահ լիներ, որ առանց իր բոցաշունչ ելույթների իսկապես կհաջողվեր 650000-ը «խփել»: Բայց քանի որ առանց հեղափոխական մեռած էյֆորիան վերակենդանացնելու, առանց մարդկանց հույզերը բորբոքելու ու միայն իրավաքաղաքական փաստարկների ուժով անհնար է ցույց տալ ապրիլյան հանրքավեի իմաստը, Փաշինյանը որոշել է գործը կիսատ չթողնել, և հոգ չէ, որ դրա հետևանքով մի ողջ Հայաստան կարող է COVID-19-ի մահաբեր ճիրաններում հայտնվել:
Մյուս կողմից՝ ինքնին համաճարակի տոտալ տարածման տեսական վտանգն արդեն իսկ կարևոր գործոն է՝ հանրաքվեի հնարավոր տապալման համար, քանի որ մեծ է հավանականությունը, որ, զգուշանալով վարակից, շատերը չեն էլ գնա ընտրատեղամասեր ու չեն քվեարկի, եթե նույնիսկ «Այո»-ի կողմնակից էլ լինել: Այնպես որ՝ իրավիճակը ռիսկային է դառնում ոչ միայն հանրային առողջության, այլև Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահի տեսանկյունից՝ միանգամայն հավանական դարձնելով հանրաքվեի տապալման, չկայացման սցենարը: Փաշինյանը հաշվարկե՞լ է ռիսկերը: