Փաշինյանի և Ավինյանի հարաբերությունները լարվել են․ նոր հակահեղափոխականի ծնունդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են։ Վերջին մի քանի ամիսների զարգացումները լուրջ հարված են հասցրել Նիկոլ Փաշինյանի վարկանիշին։ Վարչապետը լավ է հասկանում, որ կորցրել է իր ընտրողների մեծ մասի վստահությունը։ Փոխարենը Տիգրան Ավինյանը շարունակում է ամրապնդել դիրքերը, ավելին` նշանակվելով պարետ, վերջինս Փաշինյանից առավել կարևոր դերակատարում է ստանձնել։ Փաշինյանի ֆոնին Ավինյանն առավել ընդունելի ղեկավար է, ընդ որում նաև ընդդիմադիր ուժերի համար։

Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը ծանր է տանում Ավինյանի դիրքերի ամրապնդումը ու ամեն բան անում է, որպեսզի ցույց տա, որ ինքն է առաջնային դեր կատարում երկրում։ Սա է պատճառը, որ Փաշինյանը հաճախ հայտնվում է ուղիղ եթերում և խոսում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, այն դեպքում, երբ համավարակի դեմ պայքարի աշխատանքների համակարգումը դրված է պարետատան վրա և ի պաշտոնե այդ մասին պետք է խոսի պարետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանի դերը ստորադասելու համար «լուրջ» աշխատանք են իրականացնում նաև Ազգային Ժողովի փաշինյանական պատգամավորները, որոնք գերակշիռ մեծամասնություն են իշխող ուժի կազմում։ Օրերս պարետ Տիգրան Ավինյանը ելույթ էր ունենում Ազգային Ժողովում։ Փաշինյանի մտերիմ Հակոբ Սիմիդյանը ջանք չէր խնայել, որպեսզի Ավինյանի ելույթի ժամանակ դահլիճում հնարավորինս քիչ թվով պատգամավորներ լինեն ու ստացվել էր այնպես, որ Ավինյանը ելույթ էր ունենում գրեթե դատարկ դահլիճի առաջ։

Փաշինյանը նաև անձնապես է մասնակցում Ավինյանի դեմ իրականացվող արշավներին։ «Հրապարակ» օրաթերթը հետաքրքիր միջադեպ էր բացահայտել, որ օրերս տեղի էր ունեցել կառավարությունում․«Մենք գրել էինք, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Դուբայից հետ է կանչել իր երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանին, որ նա օգնի պարետատան աշխատանքներին:

Սակայն, պարզվում է, Նիկոլ Փաշինյանն անբացատրելի հակակրանք ունի նրա նկատմամբ եւ տեղեկանալով, որ Ժորիկն օգնում է Ավինյանին, իր մոտ է կանչել Ավինյանին եւ հանձնարարել՝ կառավարության շենքից վտարել Մուրադյանին։

Ավինյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ասելով, որ ինքն է խնդրել, որ նա հետ գա Դուբայից եւ օգնի իրենց։ Վարչապետն ասել է՝ ուրեմն իմ անվտանգության աշխատողները կանեն դա, եւ թիկնապահներին ուղարկել է իր հանձնարարությունը կատարելու»,-գրել էր թերթը։ Ի դեպ Մուրադյանը թերթի հետ զրույցում, ըստ էության, հաստատել էր տեղեկատվությունը։

Ըստ էության վարչապետ Փաշինյանը այս կերպ փորձել է նսեմացնել փոխվարչապետ Ավինյանին՝ ցույց տալով, որ փոխվարչապետը չի կարող երաշխավարել իր աշխատակիցների անձեռնմխելիությունը, անգամ, եթե նրանք ոչ մի անօրինական բան չեն արել։ Փաշինյանը ցույց է տվել, որ Ավինյանը անգամ կառավարության շենք չի կարող իր սրտի ուզած մարդկանց տանել։

Չի բացառվում, որ Ավինյան-Փաշինյան հակամարտությունը այնքան խորանա, որ դա ի վերջո բերի պառակտման։ Այս դեպքում էլ իշխանական քարոզչամեքենան, ինչպես Վանեցյանի դեպքում, կհամոզեն հանրությանը, որ Ավինյանը «հակահեղափոխական» է և նախկինների հետ «գործարքի» մեջ է եղել, իսկ ամենազոր Փաշինյանը խափանել է նրա ծրագրերը։