Նյու Յորքում ոստիկանությունը տասնյակ փտող դիերով լի բեռնատարներ է հայտնաբերել

Նյու Յորքի Բրուքլին շրջանում ոստիկանությունը թաղման բյուրոյից ոչ շատ հեռու կայանված բեռնատարներում տասնյակ փտող դիեր է հայտնաբերել, հայտնում է New York Times թերթը։

Աղբյուրի փոխանցամբ՝ ոստիկանությունը տեղական ժամանակով առավոտյան 11-ին թաղամասի բնակիչներից՝ բեռնատարներից եկող գարշահոտի վերաբերյալ ահազանգ է ստացել։ Դեպքի վայր ժամանելուց հետո ոստիկանությունը հայտնաբերել է, որ բեռնատարները լի են տասնյակ փտող դիակներով։

Թերթի տվյալներով՝ դեռևս անհայտ է, թե հայտնաբերված դիերից քանիսն է կորոնավիրուսի հետևանքով մահացել։

Անանունության պայմանով թերթին տեղեկություն տված անձի խոսքով՝ մարմինները բեռնատարների մեջ են պահվել նրանից հետո, երբ թաղման բյուրոյի սառցարանային խցերը դադարել են աշխատել։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։