Շնորհակալություն, սիրելի «Սոճուտ»

Լոռվա գեղատեսիլ բնություն, կապույտ ակնահաճո երկինք ու Ստեփանավանի Դենդրոպարկի անմիջական հարևանությամբ «Սոճուտ» հանգստյան տուն: Մեկ անգամ այստեղ այցելողները երբեք չեն մոռանա հանգստյան տան որակյալ սպասարկումն ու աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը: Հենց մուտքից արդեն հանգստյան տան ամրագրման մասնագետ, ընդունարանի պատասխանատու Աշխեն Շահինյանի ջերմ ընդունելությունը վստահություն է ներշնչում, որ հանգիստը «Սոճուտում» ուղղակի լիարժեք է լինելու: Քեզ դիմավորում են, հարմար տեղավորում, ծանոթացնում հանգստյան տան կարգուկանոնին և բարի հանգիստ մաղթում: Հանգստացողների սենյակների ու սրահների մաքրությունը ուղղակի ուղիղ համեմատական է ճաշարանի մաքրությանը, իսկ ուտելիքների համն ու հոտը, որակյալ սնունդը առողջ ապրելակերպի ապահովումն է: Երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակը՝ հրաշք բնության, ծառ ու ծաղկի հետ մի յուրօրինակ համադրություն է: Վաղուց հայտնի է, որ մարդիկ հանրապետության տարբեր վայրերից այստեղ գալիս են ոչ միայն հանգստանալու, այլև իրենց և իրենց երեխաների առողջությունը ամրապնդելու համար:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր միջոցով շնորհակալություն հայտնել «Սոճուտ» հանգստյան տան տնօրինությանը, հանձինս՝ տնօրեն Արթուր Ալեքսանյանի՝ հրաշալի մի մարդու, որն առանձնանում է իր մարդկային նկարագրով ու սրտացավ վերաբերմունքով: Շնորհակալություն նաև սիրելի Աշխեն Շահինյանին՝ հոգատար ու ջերմ վերաբերմունքի համար, շնորհակալություն ադմինիստրացիայի, ճաշարանի, տեխնիկական անձնակազմի բոլոր աշխատակիցներին, բուժքույր Նունեին, որը համավարակի այս դժվարին օրերին մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իրեն վերապահված գործառույթին:

Շնորհակալություն ու մինչ նոր հանդիպում, սիրելի «Սոճուտ»  :