Մայդա՞ն, թե՞ հայկական հեղափոխության սցենար. ո՞րն է Բելառուսի այլընտրանքը

Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վեցերորդ անգամ վերընտրվելու հանգամանքը, թերևս, այնքան մեծ նշանակություն չստանար հայ հասարակության համար, եթե նրան շնորհավորել շտապողների մեջ չլիներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտառոցն այն չէ, որ շնորհավորել է, այլ այն, որ շնորհավորել է նախընտրական անհավասար պայմանների ու ընտրակեղծիքների դեմ բողոքի ցույցերի, հետընտրական «անհամաչափ և անընդունելի պետական բռնության» մի համապատկերում, որ հար և նման էր մարտիմեկյան պատկերին: Մինչդեռ հաջորդած ավելի քան տասն օրերի ընթացքում Բելառուսի ժողովուրդը հաստատակամորեն շարունակում է մերժել Լուկաշենկոյին, վերջինս էլ «Բելառուսում մայդան թույլ չտալու» վճռականությամբ շարունակում է դիմել հնարավոր թույլատրելի ու անթույլատրելի բոլոր միջոցներին՝ սկսած ժողովրդի հետ դեմ առ դեմ խոսել-համոզելու փորձերից, սպառնալիքներից ու բռնություններից մինչև միջազգային ուժային կենտրոններին ուղերձներ: Չնայած մինչև ընտրությունները նա խորապես համոզված էր, որ ընտրություններին դրսից միջամտողը Ռուսաստանն է լինելու, այնուամենայնիվ արևմուտքից իր ակնկալած աջակցությունը գոնե ընտրությունների պահով չստանալուց, եվրոպական, ամերիկյան ու միջազգային տարբեր բարձր ատյաններից բռնությունները դադարեցնելու կոչերից, երկրի քաղաքացիների իրավունքները հարգելու ուղերձներից ու դատապարտող հայտարարություններից հետո Կրեմլի պասսիվ դիրքորոշումն ու հեռախոսազանգերը ՌԴ ղեկավարին առայժմ կարծես հստակեցրել են Լուկաշենկոյի կողմնորոշումը. նա ոչ առանց պատճառի կանգ առավ Ռուսաստանին իր հավատարմությունն ապացուցելու համար արևմտյան սահմաններն ամրացնելու տարբերակի վրա: Սակայն հստակ է նաև Բելառուս ժողովրդի կամքը: Որքանո՞վ այդ կամքն անսասան կմնա Ռուսաստան-Բելառուս միության՝ արդեն ավելի հնարավոր քաղաքական պատկերում, դժվար է ասել նախ այն պատճառով, որ, ինչպես պնդում են վերլուծաբանները, Բելառուսի ժողովրդի ընդվզումն ունի զուտ ներքի ակունքներ: Եվ ապա՝ մարտիմեկյան պատկերով մայդանը բացառելու լուկաշենկոյական թեորեմը բախվում է մեկ այլ հնարավոր տարբերակի՝ հայկական հեղափոխության սցենարին, որը այս դեպքում նրա համար ամենաանցանկալի տարբերակն է: Այդ բախման արանքում չմնալու համար Լուկաշենկոն հերթով զանգում էր արևմտյան երկրների ղեկավարներին, բայց աջակցություն չստանալով ավելի դեմոկրատական հակումներով Արևմուտքից, հայացքն ուղղեց ընտրական մշակույթի տեսանկյունից ավելի հարազատ ավանդույթներ ունեցող Ռուսաստանին: Ռուսաստանն էլ քիչ հապաղումով, բայց անշուշտ սեղմել է իրեն մեկնված ձեռքը, նախ թողնելով, որ օղակը սեղմվի Լուկաշենկոյի շուրջը, որ վերջինս մի քիչ չարչարվի ու հասկանա, թե ինչ կարող է արժենալ էներգակիրների, մասնավորապես գազի այլընտրանքային, ոչ ռուսական շուկա որոնելը և առհասարակ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու փորձերը: Ապա նաև՝ ներքին օգտագործման համար նախադեպերից խուսափելու և բազմաթիվ այլ պատճառներով: Ի վերջո, ինչպես նշեց վերլուծաբան Կարեն Քոչարյանը, մարդիկ ունեն հատկություն հոգնելու նույն դեմքերից, իսկ Պուտինը այդպիսի դեմքերից է: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք բելառուս ժողովրդին կհաջողվի «մարտի 1»-ից անցնել «հայկական հեղափոխության» սցենարին. արդյոք դա թույլ կտա Լուկաշենկոն, ով արդեն գլխավոր դատախազության միջոցով քրեական գործ է հարուցել ընդդիմության կողմից ստեղծված համակարգող խորհրդի անդամների դեմ, կամ արդեն Մոսկվան՝ դժվար է ասել: Այնուամենայնիվ Եվրոպայի ամենափորձառու դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեկը՝ Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը հակված է Բելառուսում տեղի ունեցողն համեմատել «հայկական մոդելի» հետ և գտնում է, որ չնայած արևմտյան շատ վերլուծաբաններ Բելառուսի զանգվածային բողոքի ակցիաները համեմատում են Ուկրաինայի հեղափոխության հետ, բայց դրանք շատ ավելի նման են Հայաստանի 2018 թվականի ժողովրդավարական փոփոխության հետ, երբ արտաքին կողմնորոշումների հարց չդրվեց: Ակնհայտորեն նրանց մոտիվացնող էական հանգամանքներից մեկն էլ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնու՝ բլոգեր Տիխանովսկու՝ բանտում գտնվելու և առհասարակ քաղաքական հենքով բռնության առկայության հանգամանքն է:

Լուկաշենկոյով Բելառուսն, իհարկե, բոլորովին էլ անկախ գործընկեր չէ արտաքին քաղաքականության մեջ, և նա վաղ թե ուշ առերեսվելու է իր լեգիտիմության հետևանքներինարտաքին աշխարհում: Իհարկե,ոչ շնորհավորելուց առաջ, ոչ էլ հետո Բելառուսի հետ տնտեսական երևելի հարաբերություններ չունեցող Հայաստանն առանձնապես սպասելիքներ չպիտի ունենա նրա հետ գործընկերային հարաբերություններից: Բայց  շնորհավորելուց հետո մնում է միայն լուռ սպասել իրադարձությունների ելքին: Քաղաքական հարթության մեջ դա կարելի է համարել գոլ սեփական դարպասին:  Եվ այս իմաստով մեր ինքնագոլն անհեռանկարային ու հապճեպ էր, չնայած դժվար թե լրջորեն խնգարի երկու ժողովուրդների հարաբերություններին:

Հայկանուշ Գրիգորյան