Հիմա Քոչարյա՞նը, Մեհրիբա՞նը… թե՞ Վանեցյանը

Անցած շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազանգով անձամբ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին և Մեհրիբան Ալիևային՝ ծննդյան տարեդարձների կապակցությամբ: Փաստորեն ՀՀ 2-րդ նախագահին և Ադրբեջանի առաջին փոխնախագահին միմյանց կապողը ոչ միայն հորոսկոպն է, այլև Վլադիմիր Վլադիմիրովիչի անձնական համակրանքը: Սա, թերևս, միայն առաջին հայացքից Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ «Պուտինի շնորհավորանքը վկայեց, որ նա պատրաստ է օգնել «Ռուսաստանի իսկական բարեկամ Մեհրիբանին»: Մեծ հաշվով, դա Մոսկվայի ակնարկն է, որ Ալիեւը պետք է հանձնի իշխանությունը կնոջը, հակառակ դեպքում կկրի Թուրքիային հանձնվելու հետեւանքի ամբողջ պատասխանատվությունը»: Մյուս կողմից էլ Պուտինի հեռախոսազանգը Քոչարյանին «ստեղծում է հետաքրքիր վիճակ այն ուժերի համար, որոնք Հայաստանի քաղաքական դաշտում հավակնում են դառնալ առաջատար ընդդիմություն, առաջնորդել ընդդիմադիր դաշտը» և «հենց Քոչարյանի համար էլ ստեղծում է որոշակի անհարմարավետ վիճակ, դնելով մեծ պատասխանատվության տակ: Պուտինը Քոչարյանին մեծ հաշվով զրկում է մյուս ուժերի հետ հարաբերվելու ճկունությունից, փաստացի պարտադրելով «խժռել» մյուսներին»: Պուտինի այս շնորհավորանքները ներքաղաքական, արտաքին քաղաքական ու նաև արտաքաղաքական բազմաթիվ այլրայլ շերտերից բացի հստակություն են մտցնում երկու երկրներում Ռուսական բարեկամության կամ պուտինյան նախընտրությունների հարցում և հետաքրքիր եռանկյունի գծում տարածաշրջանայի զարգացումների հեռանկարում: Բայց եթե այս համապատկերում Հ. Բադալյանը Ռոբերտ Քոչարյանին է դիտարկում, որպես թեժ աշնան գլխավոր դերակատար հայաստանյան ներքաղաքականության մեջ, ապա որոշ վերլուծաբաններ էլ հակված են աշնանային թեժացումների առանցքում տեսնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ում գլխավորած կուսակցությունն ակտիվ քննարկումների մեջ է «Բարգավաճ Հայաստանի» և Հայ հեղափոխական դաշնակցության հետ, և ում օրակարգում Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականն է: Այս ամենի ֆոնին ավելի են հաճախանում քաղաքական իսկանդերներ գործի մեջ դնելու մասին դիտարկումները, և առավել հետաքրքիր է դառնում նաև այն, թե ում դեմ է ուղղվելու այդ քաղաքական իսկանդերը. այսինքն որն է իշխող քաղաքական ուժի թիվ մեկ և առավել զորավոր ընդդիմությունը՝ Ռ Ք-ն, ով ըստ ամենայնի վայելում է Պուտինի թե՛ գրավոր և թե՛ բանավոր շնորհավորանքն ու, թերևս, ոչ անվերապահ աջակցությունը, թե՞ Վանեցյանը, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ: Ու նաև՝ ո՞վ է գործի դնելու այդ զորավոր իսկանդերը՝ իշխանությո՞ւնը, արտաքին ուժե՞րը, թե՞… Եվ տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել՝ վերոնշյալ եռանկյունին աչքի առաջ ունենալով:

Հայկանուշ Գրիգորյան