Իրավիճակը՝ Ռուսաստան-Լուկաշենկո և Արևմուտք-Բելառուսի ժողովուրդ «դաշինքների» բախման արանքում

Անցած շաբաթավերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը փաստացի նշանակում էր, որ այլևս ինքն է որոշում իրադարձությունների ընթացքը Բելառուսում: Նախ, «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հանդես եկավ «որպես միջնորդ» Բելառուս ժողովրդի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև՝ հայտարարելով, թե «Բելառուսի նախագահը, ի վերջո, ասել է, որ պատրաստ է քննարկելու սահմանադրական բարեփոխումների հնարավորությունը, նոր սահմանադրության ընդունումը, նոր սահմանադրության հիման վրա ընտրությունների անցկացումը՝ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական, սակայն գործող սահմանադրությունից չի կարելի դուրս գալ»: Նման հայտարարություն Լուկաշենկոյի անունից կարող էր անել կամ Լուկաշենկոն, կամ առնվազն նրա մամլո խոսնակը: Մյուս կողմից հիշեց, որ Ռուսաստանը անվտանգության պարտավորություններ ունի Բելառուսի նկատմամբ: Եվ դա ան դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ երկրների հետ նման անվտանգային պարտավորությունները Ռուսաստանի կողմից դիտարկվում են խիստ հայեցողական հարթության մեջ: Իհարկե, այս դեպքում էլ, և շատ հանկարծակի, նա հիշեց ու հիշեցրեց, թե Բելառուսը Ռուսաստանին ամենամոտ երկիրն է, թերևս նկատի ունենալով ազգակցական կապերը և գուցե դրանով բացատրելով անվտանգության պարտավորություններին հայեցողական մոտեցումը, ասենք՝ Հայաստանի պարագայում: Թերևս հենց նույն այս համապատկերում էլ Պուտինը հայտարարեց, թե ինքը «անհրաժեշտության դեպքում Բելառուսին օգնելու համար ստեղծել է իրավապահների պահուստային գունդ», ընդ որում, «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով»: Ու մինչ ՆԱՏՕ-ն ՌԴ-ին հորդորում էր չխառնվել Բելառուսի ներքին գործերին, Եվրոպական ու միջազգային տարբեր կառույցներ ու երկրներ էլ՝ հանդես գալիս դատապարտող հայտարարություններով ու պատժամիջոցների սպառնալիքներով, Լուկաշենկոն խոսեց նախ «Մոսկվայի նկատմամբ հանրապետության պարտքը 1 միլիարդ դոլարով վերաֆինանսավորելու շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության» և ապա՝ «Բրեստից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր հայրենիքը Վլադիմիր Պուտինի հետ միասին պահպանելու» և «նույն արմատն ունեցող երկու ժողովուրդների» մասին: Իսկ Տիխանովսկայան, փաստացի վայելելով հենց նույն բելառուս ժողովրդի համակրանքը, դիտարկվում է արևմտամետ հարթության մեջ. նա էլ իր հերթին դիմել էր եվրոպական երկրների առաջնորդներին՝ կոչ անելով չճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:Բայց եթե Տիխանովսկայայի կոչը «նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու» տրամաբանության մեջ է, ապա Լուկաշենկոյինը՝ «ռուսական ուժայիններին՝ սեփական դաշտում սեփական ժողովրդի դեմ» տրամաբանության, որը Լուկաշենկոն փորձեց տեղափոխել արդեն «նույն արմատն ունեցող երկու ժողովուրդների» և «ընդհանուր հայրենիքի» մասին դատողությունների հարթություն, ինչն էլ իր հերթին նախապատրաստեց Ռուսաստան-Բելառուս միությունն ավարտին հասցնելու գործընթացը: Այսինքն Բելառուսի իրադարձություններին արդեն իսկ արտաքին միջամտությունը բացառել դժվար է: Եվ նաև այն պատճառով, որ Պուտինի պարզաբանմամբ «Ռուսական ուժերը պահուստային գունդը չեն օգտագործի, քանի դեռ ծայրահեղական տարրերը Բելառուսում չեն հատել սահմանը և չեն սկսել թալան»: Այսինքն Լուկաշենկոյի՝ ավտոմատով լուսանկարներն «իրավիճակը վերահսկողությունից դուրս բերելու» տիրույթո՞ւմ էին, եթե Բելառուսում բողոքի ակցիաները համառորեն խաղաղ բնույթ էին կրում: Եվ «ծայրահեղական տարրերի» կողմից սահմանը հատելու պահը ե՞րբ և ինչպե՞ս է որոշվելու, եթե իրավիճակը փաստացի հայտնվել է Ռուսաստան-Լուկաշենկո և Արևմուտք-Բելառուսի ժողովուրդ, պայմանականորեն ասած՝ «դաշինքների» բախման արանքում: Փաստացի Պուտինը միանձնյա «տնօրինում է» և՛ Բելառուսի պաշտոնական քաղաքականությունը, և՛ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գործընթացը:Եվ առհասարակ, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Լուկաշենկոյի լեգիտիմությունը քննարկման հարց է, Լուկաշենկոն խելոք կկրկնի այն, ինչ կասի ՌԴ նախագահը, սկսած Նավալնիի թունավորման հանգամանքից:

Հայկանուշ Գրիգորյան