Երևանյան հյուրանցներում և վարձակալված բնակարաններում անվավեր փաստաթղթերով 2 տասնյակ օտարերկրացիներ են հայտնաբերվել

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումները մարտի 29-ին և ապրիլի 4-ին են իրականացվել՝ Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։

Ստուգայցեր են կատարվել Մալաթիայի բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվել են և անձնագրային ու վիզաների վարչություն ներկայացվել առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։