Մայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանվածների համար

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սկսում է հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար։

«Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում։

Սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը․ այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է խաղաշրջանը՝ գիտակցելով, որ մշակույթն է այն բանալին, որ մեզ դարեդար ապրելու և արարելու ուժ է տվել։

Միաժամանակ, հստակ հասկանալով ներկայի առաջնահերթությունները, թատրոնը որոշել է ստեղծել հատուկ աշխատատեղեր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար (մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ օրերին)։

Թատրոնը նաև սկսում է հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար»,- նշում են թատրոնից։