ՀՀԿ-ի արածը պարզապես պասկվիլ էր․ քաղաքագետ. ԼՈւՐԵՐ․com

Վարչապետի ընտրությանն  ընդառաջ՝ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ  ԱԺ «Հանրապետական» խմբակցության նիստը, որի ընթացքում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորների հարցերին։
Թե ինչպես էին հանրապետականները պաստրաստվել Փաշինյանի հետ հարցուպատասխանին, ինչ բովանդակության հարցեր ուղղեցին վարչապետի թեկնածուին և արդյոք նպատակը կառուցողական երկխոսությունն էր, ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց պարզել քաղաքագետ Հայկ Սուքիասյանից․
«ՀՀԿ-ն ուղեղային գրոհի էր պատրաստվել՝ հերթական անգամ ապացուցելով, որ նպատակը ոչ թե պետության հիմնական խնդիրների բացահայտումն է, այլ այս իրավիճակում ինչ-որ պասկվիլ սարքելը։ Հետաքրքիր էր, որ պետության ներքին խնդիրների՝ կոռուպցիա, արտագաղթ, պետական-ազգային ունեցվածքի կողոպուտ, կեղծված ընտրություններ, անիրավված ժողովուրդ, և, ամենակարևորը՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար ուղիների որոնման մասին խոսելու փոխարեն հիմնականում խոսեցին հարցերի մասին, որոնք, չգիտես ինչ կապ ունեն ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հետ։ Այս հարցերը կարևոր են, բայց ոչ այս պահին, և, հետևաբար, առնչություն չունեն ստեղծված իրավիճակի հետ։ Տպավորություն էր, որ ՀՀԿ խմբակցությունն այդ կառույցների ներկայացուցիչն էր ԱԺ-ում. ավելի շատ էին պաշտպանում Ռուսաստանի շահերը, քան Ռուսաստանն ինքը»,-ասաց Սուքիասյանը՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակը նշանակում է, որ «Թավշյա հեղափոխությունը» պետք է իր դիրքերն ավելի ամրապնդի, շարունակի ճնշումը և վաղն ավելի կազմակերպված պաշտպանի ձեռք բերված արդյունքները։
Ըստ քաղաքագետի՝ հանրապետականներ-Փաշինյան հարցուպատասանի ողջ ընթացքում երկրում ստեղծված իրավիճակին ոչ մի անդրադարձ չեղավ: Սա նշանակում է, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում ստեղծված իրավիճակի անկեղծ քննարկումն է, այլ ստեղծված իրավիճակի խեղաթյուրումը, ուստի՝ կարևոր է Փաշինյանի այն դիտարկումը, որ իրենք գործելու են ՀՀ ազգային-պետական շահերի շրջանակներում՝ հայաստանակենտրոն․ «Սա նշանակում է՝ վերջ տալ ռուսամետ, արևմտամետ, Մոզամբիկի կողմնորոշում ունեցող հոգեկան հիվանդություններին»,-ընդգծեց Սուքիասյանը։
Անդրադառնալով ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն դիտարկմանը, քաղաքագետն ընդգծեց, որ ստեղծված քաղաքական պարիտետը հետևյալն է. «ՀՀԿ-ն նոմինալ իշխանություն է, իսկ իրական-լեգիտիմ իշխանությունը «Թավշյա հեղափոխություն»-ն է՝ իր առաջնորդով։ Հետևապես, այս պահին լեգիտիմ իշխանությունը «Թավշյա հեղափոխությունը»-ն է, իսկ ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակում ընդդիմություն է»,-եզրափակեց քաղաքագետը։