«Սևերը կյանք ունեն» կամ կատալիզատոր covid-ը

Կորոնավիրուսի համապատկերում հետաքրքիր իրողություններ ի հայտ եկան դեմոգրաֆիական խայտաբղետ պատկեր ունեցող երկրներում: Քողարկված խորքային հակասություններն ի հայտ եկան  եթե ոչ ամբողջ խորությամբ, ապա գոնե ամբողջ լրջությամբ և աչքի ընկան գրեթե համամոլորակային ընդգրկմամբ:

Կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը՝ ԱՄՆ-ը նաև քաղաքական ու աշխարհաքաղաքական առումով թերևս ամենատուժածներից մեկը կլինի հետկորոնավիրուսյան ժամանակաշրջանում: Մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկան Դերեք Շովինի կողմից կեղծ թղթադրամի իրացման մեջ կասկածվող աֆրոամերիկացի Ջորջ ֆլոյդի սպանությանը հաջորդած զանգվածային բողոքի ցույցերը ԱՄՆ բոլոր խոշոր քաղաքներում վերաճեցին «Black Lives Matter»՝ «Սևերը կյանք ունեն» հակառասիստական հզոր ալիքի: Դրանց շղթայական տարածումը բոլոր բնակելի մայրցամաքների մի քանի տասնյակ երկրներում՝ Կանադա, Ավստրալիա, Շվեդիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Իսպանիա, Չեխիա, Իռլանդիա և այլն փաստում են, որ խնդիրը միայն ամերիկյան հասարակության խորքային խնդիրը չէ: Բազմահազարանոց բողոքի ակցիաներն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի այս օրերին առավել շեշտված են դառնում համատարած սահմանափակումների համապատկերում, ինչը հիմք է տալիս կարծելու, որ կորոնավիրուսը ախտորոշիչ թեստ հանդիսացավ հասարակությունների ավելի խորքային խնդիրների բացահայտման համար: Ստոկհոլմում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի մասին շվեդ բժշկի դիտարկումը՝ դանդաղ գործող ռումբ, որ պայթելու է 2-3 շաբաթ հետո, դիտարկելի է նաև բոլոր մյուս երկրների պարագայում, և բացառված չէ, որ2-3 շաբաթ անց իրադարձությունների զարգացման  այս տրամաբանությունը հանգեցնի համավարակի բռնկման նոր ալիքի ամբողջ աշխարհում: Սակայն իրադարձությունների զարգացման այսպիսի ընթացքը ցույց է տալիս, որ, իրականում աշխարհն առերեսվում է բարոյական տեսանկյունից շատ ավելի խորը և կենսական խնդիրների, որոնց հետ համեմատության մեջ համավարակը գոնե այդ հասարակությունների համար մղվում է հետին պլան: Փաստորեն մարդիկ գերադասում են կամովին հիվանդանալ կամ նույնիսկ մեռնել, բայց չդառնալ ռասիզմի լուռ վկա կամ զոհ:

Բացառված չէ նաև, որ վարակի ավելի հզոր ալիքի համար մեղադրանքներ հնչեն հենց ԱՄՆ-ի հասցեին: Նկատենք, որ այս ամենը տեղի է ունենում Թրամփի և սոցցանցերի միջև  հակասությունների խորացման պայմաններում՝ աչքի առաջ ունենալով նաև 2020թ. նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները և ԱՄՆ-ի նկատմամբ հնարավոր աշխարհաքաղաքական վերադիրքավորումները: Ընդամենը մի քանի օրում ԱՄՆ-ի՝ իրավունքի  կամ օրենքի երկրի միֆը հօդս ցնդեց՝ պարզաջրելով իրավունքի օրենքի և օրենքի իրավունքի միջև եղած հակասությունների ողջ տրամաբանությունը: Եվ չնայած խորհրդանշական է Թրամփի կողմից նախընտրական հանդիպումները վերսկսելու վայրը՝ Օկլահոմայի Թալսա քաղաքը, որտեղ 1921թ. սպիտակները հարձակվեցին սևամորթ քաղաքացիների վրա, և ամսաթիվը՝ հունիսի 19-ը, որը ԱՄՆ-ում սևանորթների ստրկությունից ազատագրվելու օրն է, այնուամենայնիվ ակնհայտ է, որ դա թերևս շատ բան չի փոխի  ԱՄՆ-ի առկա ներքաղաքական զարգացումների պատկերում: Իրադարձությունների զարգացման այս ընթացքը դիմակազերծեց նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դիմակավորված դրսևորումները, այն խորքային խնդիրները, որոնք առկա են հատկապես նախկին կայսրությունների ժառանգություն հանդիսացող երկրներում: Այս իմաստով  զարգացումների տրամաբանությունից չպետք է  դուրս մնար նաև Ռուսաստանը, որը կարծես անտեսում է երկրում մոլեգնող համավարակը, և բնավ ոչ զգուշավորությամբ պայմանավորված  լռության հետևում Կրեմլը  դիվանագիտական ինքնավստահությամբ փորձում է իր ձեռքը վերցնել աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողի նախաձեռնությունը: Այլ հարց է, թե աշխարհաքաղաքական զարգացման այդպիսի տրամաբանությունը որքանով է տեղավորվում Չինաստանի հաշվարկների մեջ, կամ արդյո՞ք տեղավորվում է:

Հայկանուշ Գրիգորյան