NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները:
Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել: Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել:
Բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան: Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր:
Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Սահմանից այնկողմ մեր հակառակորդը պետք է մշտապես համոզված լինի, որ երբեք հայոց բանակի նկատմամբ որևէ առավելություն, քան թվաքանակը, չի ունեցել և չունի, եթե չասեմ` հակառակը: Ապրիլյան քառօրյայի մասին ես խոստացել եմ հանգամանորեն խոսել արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում, խորհրդարանում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որն արդեն ավարտել է աշխատանքը և պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր եզրակացությունը, ուրեմն, ինչի համար են այսօր նման անտեղյակ հայտարարություններ արվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կյանքում: