ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ:
2021թ. մայիսի 31-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում՝ դիեր պահելու համար չնախատեսված սենյակներում, պարկերում, դիեր կան:
Նշված կենտրոնի բաժնի վարիչը, նախապես տեղեկացված լինելով սառնարանների առկայության ու դրանցում դիեր պահելու համար նախատեսված ազատ տեղերի բացակայության մասին, 2021թ. մայիսի 28-ին, առանց որևէ հիմնավորման և փաստաթղթային հաշվառման, ընդունել և կենտրոնի նկուղային հարկում պահել է նշված դիերն ու մասունքները:
Պարզվել է, որ սենյակները, որտեղ դիերն ու մասունքները տեղափոխվել են, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես՝ օդափոխման և ջերմային համակարգեր, ինչն արձանագրվել է 2021թ. մայիսի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ և այլ քննչական գործողություններով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: